December 15

Ամանորը Հայաստանում

Նոր տարին և Սուրբ ծնունդը երկար սպասված տոներ են աշխարհի բազմաթիվ երկրներում: Բայց յուրաքանչյուր երկիր տոները նշելու իր առանձնահատկություններն ունի: Հայաստանն էլ բացառություն չէ:Նոր տարին, ըստ հայկական ավանդույթի, անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշ է: Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը, Նավասարդը (hայկական տոմարի առաջին ամսվա անվանումը, որը նշանակում է «նոր տարի») նշել են օգոստոսի 11-ին, դե իսկ Նոր տարին էլ՝ հունվարի 1-ին:Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ: Հատկանշական է, որ հունվարի 1-ին ուտեստների ցանկում, ըստ հին ավանդույթի, ներառվում էին այնպիսի ուտեստներ, որոնց անվան մեջ կար Ն տառը` Նգածաղիկ, Նուռ, Նուշ և այլն: Նոր տարվա ավանդական ուտեստներից են նաև «անուշ ապուրը» և «ղափաման»: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը: Հայաստանում Նոր տարվա մանկական միջոցառումներին ավանդաբար դիմավորում են Ձմեռ կամ Կաղանդ պապերին՝ Ձյունանուշի հետ կամ առանց նրա, հնչում են հայկական ժողովրդական և ժամանակակից երգեր:Հայաստանում Սուրբ ծնունդը նույնպես առանձնահատուկ է նշվում: Այդ օրը բոլորի տանը չամիչով փլավ ու ձուկ է լինում, շատերը կուլիչ են թխում, մեջը մետաղադրամ դնում. համարվում է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար, ով կգտնի մետաղադրամը: Որպեսզի գալիք տարին վիշտ չբերի իր հետ, մինչ կերակուրներին անցնելը, մարդիկ մի գդալ մեղր են ուտում: Հին ավանդույթի համաձայն` հրավիրված հյուրերն ու հարևանները տուն մտնելիս ընդեղեն են շաղ տալիս սենյակում:


Posted December 15, 2022 by gorshashikyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*