January 31

Հ․ Թումանյան․ Խելոքն ուհիմարը

Posted on 29 Հունվարի, 2023

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր, մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

— Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

— Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

— Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

— Մոզին ուզում ե՞ս։

— Ե՜ս․․․  — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ — Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,—

խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, որիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Առաջադրանքներ

1.Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ դրանց բացատրություններն իմացեք։

բանեցնում  -Օգտագործել, շահագործել

ջոկ – բաժան ,իրարից անջատ

 մոզի -Հորթ 

 թոկը – պարան, լար,

 խարխուլ – Փլվելու մոտ եղող, ամրությունը կորցրած

գանգատ -Բողոք, տրտունջ, դժգոհություն

2.Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 

խելոք- հիմար

տանել – բերել

ներս- դուրս

3.Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։

տուր թե կտաս -ուժգին հարվածել

աչքերը չորս է անում – ուշադիր նայել,աչքերը լայն բացել

Լեզուն կուլ տալ– չխոսել

4.Բնութագրեք հեքիաթի հերոսներին։

Հիմար եղբայրը իր հերթին հիմար էր, բայց շատ բարի էր և աչքը կուշտ։ նա իր գումարից ավել բան չվերցրեց, իսկ խելացի եղբայրը շահամոլ էր և չար էր, նա մենակ իր մասին մտածող էր։

5.Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։

Նա այնքան էր հիմար, հիմար խոսացել, որ ոչ ոք անգամ ճիշտը լսելով նրան չհավատացին։ Առաջին հերթին իր եղբայրն էր ծիծաղում նրա վրա, դրա համար էլ մյուսները տեսնելով եղբոր վերաբերմունքը նրա հանդեպ չօգնեցին և հեգնեցին նրան։

6.Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։

Վատ եղբայրը

7.Հեքիաթի համար նկար նկարեք։


Posted January 31, 2023 by gorshashikyan in category Մայրենի, Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*